Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը Ֆրանսիայում մասնակցել է Էքսպրես ԴՆԹ նույնականացման հիմնախնդիրների քննարկմանը նվիրված աշխատաժողովին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը «ThermoFisher scientific» ընկերության պաշտոնական հրավերով աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիա՝ մասնակցելու Էքսպրես ԴՆԹ նույնականացման հիմնախնդիրների քննարկմանը նվիրված առաջին հիմնադիր աշխատաժողովին, ինչպես նաև Ֆրանսիայի Ազգային ժանդարմերիայի քրեական հետախուզության ինստիտուտի (IRCGN) կազմակերպած պաշտոնական հանդիպումների:
Ֆրանսիայի Սերժի քաղաքային շրջանում կայացած անձի Էքսպրես ԴՆԹ նույնականացման խմբի աշխատաժողովին մասնակցում էին դատագենետիկական փորձաքննությունների ոլորտի առաջատար մասնագետներ եվրոպական մի շարք երկրներից՝ այդ թվում Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Միացյալ Թագավորությունից, Պորտուգալիայից, ինչպես նաև Վրաստանից, Ուկրաինայից և այլն:
Հանդիպմանը քննարկվել են դատագենետիկական բնագավառին առնչվող արդիական թեմաներ, մասնավորապես՝ ԴՆԹ քրեագիտական լաբորատորիայի որակյալ գործունեության ապահովման, հեղափոխական նոր լուծումների ներդրման, ռապիդ թեստերի միջոցով ԴՆԹ նույնականացման իրականացման, ինչպես նաև շարժական ԴՆԹ լաբորատորիաների կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ: Աշխատաժողովի շրջանակներում ողջույնի խոսքով և ելույթով է հանդես եկել նաև Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը՝ ներկայացնելով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատագենետիկական փորձաքննությունների ուղղությամբ առկա հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև ընդգծել ոլորտի պրոֆեսիոնալների ներուժի համախմբմանն ուղղված նմանօրինակ միջոցառումների իրականացման կարևորությունը:
Այցի շրջանակներում Արգամ Հովսեփյանն առանձին հանդիպում-քննարկումներ է ունեցել «Thermo Fisher Scientific» ընկերության, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների ԴՆԹ փորձաքննությունների բնագավառի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործընկերների հետ ԴՆԹ փորձաքննությունների ոլորտում ակտիվ փոխգործակցության ծավալման, միջազգային լավագույն փորձի և մեթոդաբանության միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ու առկա խնդիրների լուծման արդյունավետ ուղիների մշակմանն ուղղված աշխատանքների իրականացման ուղղությամբ: Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում առկա առաջադեմ հնարավորությունների և փորձի ներդրման նպատակով միջազգային գործընկեր կառույցների հետ ակտիվ համագործակցության ծավալումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության տվյալ ուղղության շարունակական զարգացման, փորձագիտական հնարավորությունների կատարելագործմանն ու հավաստի արդյունքների ապահովմանը։
28 Դեկտեմբեր 2016